ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Այլ ելք չկա

Այլ ելք չկա
12.12.2008 | 00:00

ԻՇՏԱՀՆԵՐԻԴ ՔԱՑԱԽ…
Լավ օրից չէ, որ մինչ օրս տարեց լոռեցիք, օրինակ, «խանի ոտի տակի հող» եղող Երևանը դժվար են ընկալում ոչ միայն իբրև մայրաքաղաք, այլև ընդհանրապես որպես քաղաք…
Քաղաքը նրանց համար Թիֆլիսն էր և է՛, ինչի հետ կապված «հարամություններ էղան էս մի քանի տարիս»: Ասում եմ` լավ օրից չի ոչ թե կամ ոչ միայն այն պատճառով, որ ինչ-որ պահ նույնիսկ Լոռին Վրաստան էր համարվում, և վրացիք ցայսօր ախորժակ ունեն էս տարածքի հետ կապված: Էդպես նրան «սովորեցրել էին» անգամ 20-րդ դարի 40-ականներին հիմնականում զուգարան չունեցող և իր կարիքը ճիշտ տան դռանը հոգացող երևանցին, իսկ դրանից էլ առաջ` հայ գրողն ու հայ մտավորականը: Անգամ` դաշնակցական կառավարությունը, որով հիմա էդ կուսակցությունն էդքան հպարտանում է, և որն անդրկովկասյան սեյմի քանդվելուց հետո «զոռով-շառով անկախություն ընդունելուց» հետո էլ չէր ուզում թիֆլիսներից տուն` Երևան գալ…
ՈՒրեմն, ինչո՞ւ զարմանալ, որ ամբողջ կյանքում սեփական տունն անխնամ, կեղտի մեջ թողած և ուրիշ տեղերում «ինտեգրված հայի կառուցածը» ով ասես և ինչպես ասես` իրենով չարեց:
Եվ հարցը բնավ այն չէ, որ հիմա վարչապետ Տիգրան Սարգսյանը Սաակաշվիլուն (ասես նա չգիտեր) մանրամասն բացատրեց թիֆլիսյան Նորաշենի պատմությունը, սա էլ թե` աչքիս վրա, բատոնո, անպայման կզբաղվեմ…
Զբաղվեց: Տարբեր տեղեկությունների համաձայն, որ Թբիլիսիից են տեղ հասնում, հենց հաջորդ օրը նախագահական նստավայրից սնվող Վրաստանի քրիստոնյա-ժողովրդավարական շարժումը որոշեց ակտիվանալ, իսկ որ ամենակարևորն է` դեկտեմբերի 11-ին պիտի ցույց կազմակերպեր… Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ: Ըստ շարժման առաջնորդ Գիորգի Անդրիաձեի (խղճուկ մի արարած, ով նախագահականից գոնե էնքան փող չի կարողանում վերցնել, որ իրենից ու մի 4 հոգուց բացի` նաև մնացածին հերիքի)` ցույցն անցկացվում է… Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ` ժամանակին Վրաստանի մաս հանդիսացած Լոռիում գտնվող վրացական վանք-եկեղեցիները վերադարձնելու պահանջով: «Հայաստանի հյուսիսում` պատմական Լոռի-Տաշիրի տարածքում, կան տասնյակի հասնող կարևոր վրացական վանքեր ու եկեղեցիներ: Ցավոք, դրանք բոլորը թալանված են, ինչն էլ վկայում է, որ դրանք պատկանում են վրաց ուղղափառ եկեղեցուն, ոչ թե հայ առաքելական եկեղեցուն: Հակառակ դեպքում նրանք պատշաճ կերպով կխնամվեին»,- հայտարարել է Անդրիաձեն` հավելելով, թե «վրաց ուղղափառ եկեղեցին միտումնավոր չի արծարծել այս հարցը վերջին տարիներին` իրավիճակը չսրելու և ստատուս-քվոն պահպանելու համար»:
Թե ինչ ստատուս-քվոյի մասին է խոսքը, մենք, իհարկե, չգիտենք: Երևի Թիֆլիսում, Երուսաղեմի հանգույն, Օսմանյան Բարձրագույն դուռը ստատուս-քվո է հաստատել, մենք` բեխաբար, բայց որ ասում է, ուրեմն, մի բան գիտի… Էս նույն Անդրիաձեն, ոնց որ խախտված, ժամանակին էլ Լոռվա Հաղպատում, թե Սանահինում վրաց Թամար թագուհու թաղած գանձերի, Երևանի` Թիֆլիսին հիմարի տեղ դնելու մասին էր բարբաջում: Եվ էնքան ակտիվ ու էնքան շատ, որ սրան հանդիպողը կամ ճամփեն փոխում էր, կամ ուզում էր «հուսահատությունից քցվել Նաբերեժնուց»: Այլ տարբերակ չկար…
Բայց տեսնենք` է՞լ ինչ է երգում կաքավող մեր վարձակը: «Ցավոք, հայկական կողմը պարբերաբար փորձում է բորբոքել իրավիճակը և միակողմանի պահանջում է վերադարձնել մեր մոտի եկեղեցիները: Քանի որ հայկական կողմը շարունակում է սադրանքները, ապա մեզ այլ բան չի մնում, քան հիշեցնել նրանց նաև մեր օրինական իրավունքների մասին և պահանջել փոխանցել Հայաստանի տարածքում գտնվող վրացական եկեղեցիները»,- ասել է Անդրիաձեն, ով ձեռի հետ համ էլ ենթադրել է, որ… «եկեղեցիների պատկանելության պարզաբանման ողջ պատմությունը երրորդ կողմի սադրանք է, որի նպատակն է պառակտում սերմանել երկու ժողովուրդների միջև»:
Չէ, իսկապես ներվ չունենք: Մնում է ասել` իշտահներիդ քացախ, ու առաջ անցնել: ԱՅԼ ԵԼՔ ՉԿԱ…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. -Խնդրի առնչությամբ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀՀ երևանյան գրասենյակի ղեկավար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրույցը կարդացե՛ք «Իրավունքը de facto»-ի դեկտեմբերի 16-ի համարում։

Դիտվել է՝ 5698

Մեկնաբանություններ